Human Rights Watch-ն ամփոփիչ զեկույցում քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները
International newsՀրապարակվել է Human Rights Watch միջազգային կազմակերպության մարդու իրավունքների վերաբերյալ 2016-ի ամփոփիչ զեկույցը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Զեկույցը վերաբերում է աշխարհի 90 երկրներում 2016-ին մարդու իրավունքների իրավիճակին եւ այդ երկրների կառավարությունների կողմից այդ ոլորտում կատարված քայլերին:
Զեկույցում տեղ է գտել նաև Ադրբեջանը:
Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում 2016-ին խոսքի ազատության, երբեմնի կենսունակ և ակտիվ քաղաքացիական հասարակության դրությունը ավելի է վատթարացել, իշխանություններին քննադատող անձինք ձերբակալվել և տարբեր խոշտանգումների ու ճնշումների են ենթարկվել:
Ադրբեջանում ընդունված սահմանափակող օրենքները գրեթե անհնար են դարձնում հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
Ադրբեջանում 2016-ի սեպտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին նախորդած օրերին և դրանից հետո տեղի են ունեցել մասսայական ձերբակալություններ:
Ձերբակալվածներին ներկայացվել են թմրանյութեր պահելու եւ օգտագործելու, խուլիգանության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և բազմաթիվ այլ շինծու մեղադրանքներ, սակայն ձերբակալությունների իրական դրդապատճառները եղել են քաղաքական:
2016-ին Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմության ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ, որոնց նկատմամբ ներկայացրած մեղադրանքները նույնպես միանաշանակ չեն և չեն համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանի իշխանությունները ողջ տարվա ընթացքում շարունակական ճնշումներ են կիրառել նաև ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք որդեգրել են իշխանությունների վարած քաղաքականությանը հակասող գիծ:
Անկախ լրատվամիջոցների փակման և նրանց նկատմամբ իրականացվող ոտնձգությունների սպառնալիքը շարունակվում է, որի նպատակն է լռեցնել կառավարությանը քննադատող լրագրողներին և խաթարել նրանց գործունեությունը:
Միայն 2016-ի ապրիլին Բեռլինում գործող Meydan TV լրատվականի հետ համագործակցող 15 լրագրողների մեղադրանք է առաջադրվել տնտեսական հանցագործության և հարկերից խուսափելու հատկանիշներով:
Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին հետևել միջազգային հանրության և կազմակերպությունների հորդորներին` քայլեր ձեռնարկել երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերին վերջտալու ուղղությամբ: