Վիգեն Սարգսյանը կմասնակցի նախընտրական քարոզարշավին
PoliticsՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցելու է Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավին: Հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը հիշեցրեց, որ ինքը Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է: «Ես մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որ կորոշի կուսակցությունը»,- նշեց նախարարը:
Միևնույն ժամանակ, նախարարը վստահեցրեց, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի քարոզարշավի ընթացքում պահպանվի օրենքի տառը: «Այսինքն, ես անելու եմ այնպես, որ քարոզարշավին մասնակցությունը չխանգարի իմ աշխատանքին պաշտպանության նախարարի կարևոր և պատասխանատու պաշտոնում»,- հավելեց Սարգսյանը:
Հարցին՝ ճիշտ ե՞ն խոսակցությունները, թե ինքն է գլխավորելու ՀՀԿ ցուցակն առաջիկա ընտրություններում, նախարարը պատասխանեց, որ կլինի պահը, ՀՀԿ-ն կհրապարակի իր ցուցակը՝ կարծիք հայտնելով, որ այդտեղ որևէ ինտրիգ չկա:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը: