Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է ստեղծել ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր. Կարեն Կարապետյան
PoliticsՀայաստանի նոր կառավարությունը մտադիր է ստեղծել իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին բրիտանական հեղինակավոր «The Banker» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ տնտեսական նախաձեռնություններ և ծրագրեր ունեք, Կարեն Կարապետյանն ասել է. «Կան մի քանի հիմնական թեմաներ, որ ես կցանկանայի առանձնացնել: Մենք պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր: Մենք վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործական ներուժի և գործարար խորաթափանցության շնորհիվ տեղական բիզնեսն իրապես արագ աճ կարձանագրի: Բացի այդ, եթե մենք հստակ ազդակներ ուղարկենք, ապա օտարերկրյա ներդրողները կարձագանքեն և կմտնեն հայաստանյան շուկա, իրենց համար հարմարավետ խաղի կանոններով»:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի ներկա տնտեսական վիճակը` պետք է խթանել բիզնեսը գուցեև իշխանության համար ոչ ավանդական ճանապարհով: «Մենք պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք պետք է ֆինանսավորում տրամադրեն տարբեր ոլորտներին, օրինակ՝ գյուղատնտեսությանը, ՓՄՁ-ներին և այլն: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, որտեղ մասնավոր և պետական հատվածի տաղանդավոր ներկայացուցիչների ներգրավմամբ պետք է քննարկենք և մշակենք երկարաժամկետ ծրագրեր և բարեփոխումներ և, ի վերջո, որոշենք, թե որ ուղղությամբ պետք է Հայաստանը շարժվի»:
Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի բարենպաստ և հարմարավետ պայմաններ ստեղծվեն ստեղծագործ և աշխատասեր անհատների համար և ուրվագծվեն հորիզոններն այնպես, որ բոլորը լծվեն այդ ապագայի կառուցմանը: «Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը»,- ասել է նա:
Հարցազրույցի թարգմանությունը տրամադրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: