Սիրիական բանակը ավարտել է Դամասկոսի մերձակա Վադի-Բարադա բնակավայրում իրականացվող գործողությունները
International newsՍիրիական բանակը և Ազգային պաշտպանության ուժերը հաջողությամբ ավարտել են Դամասկոսի մերձակա Վադի-Բարադա հովտում իրականացվող գործողությունները: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» լրատվական աղբյուրը, այս մասին ասվում է Սիրիայի Զինուժի հրամանատարության հաղորդագրության մեջ:
«Անվտանգությունն ու կայունությունը վերականգնվել են Բսիմա, Այն-Հոդրա, Դեյր-Մուկրին, Այն-էլ-Ֆիջի, Դեյր-Կանուն, Քֆիր-Զեյթ, Էլ-Հուսեյնա, Քաֆր-էլ-Ավամիդ, Վաֆրա և Սուկ-Վադի բնակավայրերում, որոնք 400 քառ. կմ մակերեսով տարածք են զբաղեցնում` գտնվելով Դամասկոսից արևմուտք», - ասվում է փաստաթղթում:
Ինչպես նշվում է, արդյունքում համապատասխան պայմաններ են ստեղծվել տեղական հրադադարներ կնքելու մասին:
Սիրիական բանակը, վճռականություն հայտնելով շարունակել ահաբեկչության դեմ պայքարը, կոչ է անում «նրանց, ովքեր զենք են վերցրել պետության դեմ, օգտվել համաներման շնորհումից և վերադառնալ սովորական կյանքին»: