Դամասկոսում խմելու ջրի մատակարարումը կվերսկսվի հունվարի 30-ին
International newsԴամասկոսի ջրամատակարարումը ամբողջությամբ կվերականգնվի սեղմ ժամկետներում: ТАСС Գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Սիրիայի մայրաքաղաքային նահանգի ղեկավար Ալյա Իբրահիմը:
Վերջինիս խոսքով` խմելու ջրի մատակարարումը քաղաքին և դրա մերձակայքին` Դամասկոսից 15 կմ հեռավորությամբ գտնվող Այն-էլ-Ֆիջի աղբյուրից կվերսկսվի երկուշաբթի: «Ջրամբարի մաքրման և ջրաչափական աշխատանքներից հետո կմիացվեն ջրամուղ սարքերը», - ասել է նահանգապետը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից, երբ ահաբեկիչները դիվերսիոն գործողություններ են իրականացրել Դամասկոսում, քաղաքի բնակիչների համար խմելու ջրի մատակարարումը կտրուկ սահմանափակվել էր:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ սիրիական բանակը հաջողությամբ ավարտել է մերձդամասկոսյան Վադի-Բարադա հովտում իրականացվող գործողությունները և մտադիր է սկսել գրոհայինների զինաթափումը: