Ֆրանսիայի վարչապետը Լուվրի մոտ տեղի ունեցած հարձակումն ահաբեկչություն է որակել
International newsՖրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովը Լուվրի թանգարանի մոտակայքում զինծառայողի վրա իրականացված հարձակումը ահաբեկչական ակտ է որակել:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, վարչապետի խոսքով` «հարձակումը միանշանակ ահաբեկչական բնույթ է կրել»: Հարձակման գործով հետաքննությունը վարում է ահաբեկչության դեմ պայքարի խումբը: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ևս մեկ մարդու է ձերբակալել:
Երկրի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Անրի Բրանդեի խոսքով` կասկածյալին ձերբակալել են դեպքի վայրի մոտակայքում: Քննիչները փորձում են պարզել, թե արդյոք նա կապ ունի չարագործի հետ, թե ոչ:
Ֆրանսիացի վարչապետի խոսքով` հարձակումն իրականացնողի «Ալլահ աքբար» բացականչությունը հարձակման պահին թույլ է տալիս ենթադրել, որ կատարվածը ահաբեկչություն է: Հարձակումն իրականացնողի ինքնությունը դեռևս չի պարզվել:
Հիշեցնենք, որ թանգարանի մուտքի մոտ պարեկային հսկողություն իրականացնող զինվորի վրա դանակով հարձակում է իրականացվել այսօր, երբ հերթապահը փորձել է ստուգել վերջինիս ուսապարկի պարունակությունը: Զինվորը պատասխան կրակ է բացել և ծանր վիրավորել հարձակվողին: Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց: