Լուվրի մոտ հարձակում իրականացրած կասկածյալը հրաժարվել է քննիչների հետ խոսելուց
International newsԼուվրի թանգարանի մոտ պարեկություն իրականացնող զինվորի վրա հարձակում գործած ենթադրյալ ահաբեկիչը հրաժարվել է ցուցմունք տալուց:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները, քննիչները փորձել են հարցաքննել եգիպտացուն, երբ վերջինս ուշքի է եկել, սակայն նա չի պատասխանել իրեն տրված հարցերին:
Հետաքննության աղբյուրի տվյալներով` առաջին հարցաքննությունն այսօր առավոտյան է կայացել, որը սակայն կարճատև է եղել: Ներկա պահին նա հրաժարվում է խոսել քննիչների հետ: Կասկածյալը Եգիպտոսի 29-ամյա քաղաքացի Աբդուլա Ռեդա ալ-Համամին է:
Կասկածյալի հայրը իր որդուն ահաբեկիչ չի համարում: Նրա խոսքով` իր որդին սովորական կյանք է վարում, ամուսնացած է և որդուն է մեծացնում:
Հիշեցնենք, որ հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 3-ին: Անհայտ անձը դանակով հարձակվել էր թանգարանի մոտ պարեկային ծառայություն իրականացնող զինվորի վրա, որին ի պատասխան վերջինս կրակ էր բացել հարձակվողի ուղղությամբ, ինչից հետո նրան տեղափոխել էին մոտակա հիվանդանոց: