Օրվա լավ մասն ավարտված է. ասել է Յունկերն Ալիևի հետ հանդիպման գնալուց առաջ
International newsԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը փետրվարի 6-ին Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատակով ակնարկել է Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերություններում առկա դժվարությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Մամուլի ասուլիսի ավարտին նա շնորհակալություն է հայտնել լրագրողներին` ասելով. «Շնորհակալ եմ, ձեզ լավ օր եմ մաղթում: Այժմ ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին, հետևաբար ինձ համար օրվա լավ մասն ավարտված է»:
Ադրբեջանի նախագահը մեկնել էր Բրյուսել` քննարկելու նոր գազատարի հարցը, որն ադրբեջանական գազը պետք է տեղափոխեր Ադրբեջան:
Պաշտոնական Բաքուն չի մեկնաբանել Յունկերի հայտարարությունը: Նշվում է, որ Յունկեր-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել է էներտգետիկ և տնտեսական համագործակցությունը: Յունկերն ընդգծել է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու անհրաժեշտությունը: