Թրամփն ակնհայտորեն սադրում է Իրանին
International newsՍրանից երկու օր առաջ, անանուն աղբյուրներին հղում անելով, «Ռոյթերզ» գործակալությունը հաղորդել էր, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» (ԻԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչել, և այդ նպատակով, իբր, քննարկումներ են ներկայումս անցկացվում, որպեսզի պարզեն նման քայլի հնարավոր բոլոր հետևանքները:
Պիտի խոստովանեմ՝ այսօրինակ տեղեկատվությունն այնքան անակնկալ ու անհավատալիորեն անհեթեթ էր, որ նույնիսկ գործակալության հեղինակությամբ չբարդույթավորվելով՝ այն ֆեյք–լուրերի շարքին դասեցինք: Բայց, պարզվում է, Սպիտակ տունն իսկապես նման մտադրություն ունի, և այժմ էլ Washington Post–ի վկայությամբ՝ կանգնած է Պենտագոնի ու հետախուզական ծառայությունների դիմադրության առաջ: Թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ սպայակազմն ու հետախուզությունը խիստ կասկածելի, եթե ոչ վտանգավոր են համարել այս քայլի նպատակահարմարությունը, որովհետև, նախ՝ «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» որոշ անդամների նկատմամբ արդեն իսկ որոշակի պատժամիջոցներ են գործում, բացի այդ, եթե ԻԻՀՊԿ–ն ահաբեկչական կազմակերպություն հռչակվի, ԱՄՆ–ն ոչ միայն լուրջ խնդիրներ կունենա Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ–ի դեմ պայքարելու հարցում, որում ԻԻՀՊԿ–ն բավական արդյունավետորեն է ներգրավված, այլև աղետալիության աստիճան կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում ու ընդհանրապես ողջ աշխարհում:
Բայց դա էլ մի կողմ. ի վերջո, «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պետական կառույց է, ու թե այդ դեպքում ԱՄՆ–ն ինչ է անելու շուրջ 100000 սպաների հետ, եթե իր իսկ օրենսդրության համաձայն՝ իրավունք չունի կռվի բռնվել օտարերկրյա պետական կառույցների հետ, անհայտ է: Մանավանդ, որ ժամանակին էքս–նախագահներ Բուշ կրտսերն ու Բարաք Օբաման էլ են փորձել նման մի բան ձեռնարկել ու շատ արագ հրաժարվել այդ մտադրությունից, որովհետև գիտակցել են, որ ԱՄՆ օրենսդրության խախտումից և անկառավարելի բախման հրահրումից բացի՝ որևէ գործնական նպատակահարմարություն չի կարող լինել այդտեղ:
Երեկ, իմիջիայլոց, ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը, որից, իբր, Դոնալդ Թրամփը խիստ հիասթափված՝ կամենում է ուրիշով փոխարինել, նկատելիորեն շփոթվել ու ոչ մի կերպ չի մեկնաբանել տարածվող տեղեկատվությունը: Բնական է. ոչ ոք չի հասկանում, թե ինչ բացատրություն է տալու Սպիտակ տունը հարցի առնչությամբ, եթե Թրամփն ինքն է պաշտոնապես Իրանին թիվ մեկ ահաբեկիչ ու ահաբեկչության հովանավոր ճանաչել, բայց չգիտի, որ այդ դեպքում արդեն ոչ թե առանձին պետական կառույցի, այլ ամբողջ պետության նկատմամբ տարածվելիք պատժամիջոցներով է պետք զբաղվել: Ընդ որում՝ ոչ թե նախագահն անձամբ, այլ Կոնգրե՛սը պիտի դրանք հաստատի, կամ մերժի…