Ոստիկանությունը հարձակվել է Անկարայի համալսարանի մոտ բողոքի ակցիա անցկացնող ակադեմիկոսների և ուսանողների վրա
International newsԹուրքիայում ոստիկանությունը հարձակվել է Անկարայի համալսարանի մոտ փետրվարի 10-ին բողոքի ցույց անցկացնող ակադեմիկոսների և ուսանողների խմբի վրա:
Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն` ցուցարարների բողոքի պատճառը թուրքական համալսարաններում աշխատող 330 ակադեմիկոսների հեռացման մասին որոշումն է, որը կայացրել է երկրի Բարձրագույն կրթական մարմինը:
Լրատվամիջոցների տվյալներով` ոստիկանները 5 ցուցարարի են ձերբակալել: Ոստիկաններն արգելել են ցուցարարներին մտնել համալսարանի մասնաշենք և կանխել են նրանց ելույթի փորձերը:
Զրուցելով «Ակոս» թերթի հետ` ցույցին մասնակցող պրոֆեսոր Բասքըն Օրանը հայտարարել է, որ ոստիկանները բռնի հարձակում են գործել իրենց նկատմամբ և շարունակում են հերթապահել համալսարանի մոտ:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Թուրքիայում 330 ակադեմիկոսների են աշխատանքից հեռացրել, որոնց թվում մեծամասնություն են կազմում Անկարայի համալսարանի մասնագետները: