Քալիֆորնիայում տարհանում է հայտարարվել՝ ԱՄՆ ամենաբարձր ջրամբարի փլուզման վտանգի պատճառով
International newsԱՄՆ Քալիֆորնիա նահանգի հյուսիսում գտնվող Օրովիլլ ջրամբարի շրջակայքում բնակվող բնակչության շտապ տարհանում է հայտարարվել, հաղորդում է Reuters-ը։
Տարհանման գոտում է հայտնվել առնվազն 130 հազար մարդ՝ Լայֆ Օք, Մերիսվիլլ, Ուիթլենդ, Պլամաս Լեյք, Օլիվհերսթ, Գրիդլի, Օրովիլլ, Յուբա Սիթի բնակավայրերի բնակիչները։
Իշխանությունները մտահոգված են, որ էրոզիայի հետեւանքով վնասված ջրամբարը առաջիկա ժամերի ընթացքում կարող է փլուզվել, ինչը կհանգեցնի Օրովիլլ լճից ջրի անվերահսկելի հոսքի։
Վթարից խուսափելու համար ջրի արտահոսքը մեծացվել է՝ հասնելով մեկ րոպեում մինչեւ 100 հազար խորանարդ ֆուտի (2.8 հազար խորանարդ մետր)։ Ջրամբարի ծավալը կազմում է մոտ 4.3 մլրդ խորանարդ մետր։
Օրովիլլ քաղաքում 16.2 հազար մարդ է բնակվում։ Նրանց կարգադրվել է մեկնել ցանկացած ուղղությամբ, բացի հյուսիսայինից, որտեղ գտնվում է ջրամբարը։
Փետրվարի 11-ին հորդառատ անձրեւներից հետո ջրամբարի ջուրը սկսել է հեղեղվել նախ պահեստային, ապա հիմնական ջրատարով։ Վերջինս փլուզվել է։ Լճի մակարդակը զգալիորեն բարձրացել է։
Նշենք, որ Օրովիլլ ջրամբարը կառուցվել է 1962-1968 թվականներին՝ 230 մետր բարձրությամբ, որն ամենամեծն է ԱՄՆ-ում։