ԻՊ-ի գրոհայինները Մոսուլի բնակիչներին արգելել են կարմիր գույնի հագուստ կրել
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարությունը հրաման է արձակել Իրաքի Մոսուլ քաղաքի արևմտյան մասում կարմիր գույնի հագուստ կրելու ամբողջական արգելքի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքի աղբյուրը, ահաբեկիչների հսկողության տակ գտնվող Մոսուլի հատվածում արձակված հրամանը բնակիչների համար անակնկալ է դարձել, քանի որ վերաբերում է անգամ մանուկներին:
«Կարմիր գույնի հագուստ կրելու արգելքը խոսում է Սիրահարների օրվա առնչությամբ ահաբեկիչների մտավախության մասին: Նրանք կարծում են, որ այդ տոնը նշելը նրանց համար կդառնա անձնական մարտահրավեր»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը, ով չի ցանկացել հայտնել իր անունը:
Արևելյան Մոսուլն ամբողջովին ազատագրվել է ԻՊ խմբավորման ահաբեկիչներից 2016 թվականի հոկտեմբերից՝ իրաքցի զինվորականների և ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի գործողության ընթացքում: Քաղաքի արևմտյան մասը դեռ մնում է գրոհայինների հսկողության տակ: