Լուկա Վոլոնտեի գործով դատական լսումները տեղի կունենան ապրիլին
International newsԵվրոպայի խորհրդում ծավալված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի նկատմամբ սկսված հետաքննության գործով դատական լսումները տեղի կունենան ապրիլին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Politico.eu-ն:
Վոլոնտեն Politico.eu-ին հայտնել է, որ «փողերի լվացման» գործով դատին «սպասում է վստահությամբ», սակայն հրաժարվել է պատասխանել որևէ այլ հարցի:
Լրատվամիջոցի կողմից ձեռք բերված զեկույցում դատախազները պնդում են, որ Ադրբեջանի իշխանությունները Վոլոնտեին վճարել են շուրջ 2.4 միլիոն եվրո` փոխարենը ակնկալելով, որ նա կաջակցի այդ երկրի քաղաքական դիրքորոշմանը Եվրոպայի խորհրդում:
Հաղորդվում է, որ վճարումների հետևում կանգնած է եղել ԵԽ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը, ով հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ Politico.eu-ին:
Լրատվամիջոցի հետ խոսել է Լուկա Վոլոնտեի փաստաբան Դոմենիկո Պուլիտանոն, ով ասել է. «Մենք ներկայացրել ենք այն օրինական պատճառները, թե ինչու է Վոլոնտեն ստացել այդ գումարը: Գումարը «մշակութային գործունեության համար էր» և որևէ առնչություն չուներ Ստրասբուրգի գործունեության հետ»: Իսկ Վոլոտնեի մյուս փաստաբանը` Ալեսանդրո Պիստոչինին փողերի լվացման մասին մեղադրանքներն անհիմն է համարել:
2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է: Վոլոնտեն մեղադրվում է 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում:
Գումարը նրան է փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել է Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:
Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում: