«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Մարտիրոսյանը
Politics«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Շուտով պատրաստ կլինի նաև մեր նախընտրական ծրագիրը, որը կներկայացնենք հանրությանը: Քարոզարշավի ընթացքում ես ամենից շատ կարևորելու եմ Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Օհանյանը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ դաշինքի ցուցակում ընդգրկված են մարդկային բարձր որակներով, կրթվածության բարձր մակարդակով աչքի ընկնող անձինք:
Օհանյանը գովասանքի խոսքեր հնչեցրեց դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հասցեին:
Խոսելով «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի մասին` նա նշեց, որ հրաժարվելով ԱՄՆ քաղաքացիությունից, բարեկեցիկ կյանքից, Օսկանյանը եկել էր Հայաստան, տասը տարի եղել արտաքին գործերի նախարար, բարձր մասնագիտական, մարդկային որակներով ողջ գործունեությունը նվիրել Հայաստանին:
Նրա գնահատմամբ` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ազնվությամբ, հայրենասիրությամբ վաստակել է ժողովրդի անվերապահ սերն ու հարգանքը:
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 5 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք: Ապրիլի 2-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել ՀՀԿ-ն, ՀՎԿ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ՀՅԴ-ն, ինչպես նաև «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» և Կոնգրես-ՀԺԿ դաշինքները՝ ընդհանուր 1539 թեկնածուով: