Իրաքում հայտարարել են արևմտյան Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողություն սկսելու մասին
International newsԻրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին կիրակի հայտարարել է Մոսուլի արևմտյան մասը ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրելու գործողություն սկսելու մասին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի ղեկավարի մամլո ծառայության հայտարարությունը:
Քաղաքի արևմտյան մասն առայժմ մնում է գրոհայինների վերահսկողության տակ, իրաքցի զինվորականները այն շրջափակման մեջ են պահում արդեն մոտ 3 ամիս:
«Վարչապետը հայտարարել է Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողություն սկսելու մասին»,- մեջբերում է գործակալությունը ալ-Աբադիի մամլո ծառայության հայտարարությունը:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր,որ Իրաքի ռազմաօդային ուժերը արևմտյան Մոսուլում միլիոնավոր թերթիկներ են նետել՝ քաղաքի այդ մասը ԴԱԻՇ-ից ազատագրելու համար մոտակա գրոհի մասին բնակչությանը տեղեկացնելով:
Արևելյան Մոսուլը գրոհայիններից ամբողջովին ազատագրվել է իրաքցի զինվորականների և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի՝ 2016 թ. հոկտեմբերին սկսված գործողության արդյունքում:
Արևմտյան Մոսուլն ընդգրկում է քաղաքի պատմական կենտրոնը, որտեղ գտնվում են հին շուկաներ, մեծ մզկիթ և կառավարական հաստատությունների զգալի մասը: Զինվորականները կարծում են, որ քաղաքի արւմտյան մասի համար պայքարն ավելի դժվար կլինի, քանի որ Մոսուլի այդ մասի նեղ փողոցները խոչընդոտ կդառնան տանկերի և զրահատեխնիկայի համար: