Տիգրան Բալայանն ամփոփել է ՀՀ ԱԳ նախարարի մյունխենյան հանդիպումների արդյունքները
PoliticsՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-18-ը Մյունխենում տեղի ունեցած համաժողովի շրջանակներում 14 հանդիպում է անցկացրել, իսկ շփումները եռակի գերազանցում էին հանդիպումները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` ներկայացնելով մյունխենյան հանդիպումների ամփոփումը:
«Յուրաքանչյուր տարվա փետրվարին Մյունխենում անցկացվող անվտանգության համաժողովը կարևոր դերակատարություն ունի բազմակողմ դիվանագիտության տեսանկյունից, որը նաև հրաշալի հարթակ է հանդիպումներ նախաձեռնելու և իրականացնելու համար:
Հանդիպումների ցանկում առանձնակի տեղ էր գրավում մերձավորարևելյան տարածաշրջանը։ Արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունեին Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի, Օմանի Սուլթանության, Կատարի, Բահրեյնի Թագավորության արտգործնախարարների հետ հանդիպումները: Բովանդակային էր ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ հանդիպումը։
Մյուս հանդիպումներն էլ պակաս կարևոր ու հետաքրքրական չէին։ Սակայն դրանցից կառանձնացնեի միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ նախարար Նալբանդյանի հանդիպումը, ինչին հետևեց հանձնակատարի համապատասխան գրառումը թվիթերում»,- նշել է Բալայանը։