Հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը հայտարարել էր, թե հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող հարցերում: Այս առնչությամբ ORER.am-ը զրուցեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հետ: Հարցին, թե ըստ քաղաքագետի՝ ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը և ինչու հասարակությունը տեղեկացված չէ, թե ինչ գնով է ստորագրվել պայմանագիրը՝ Կարեն Բեքարյանը պատասխանեց. «Չկա այդպիսի մշակույթ, որ բանակցությունների ընթացքի վերաբերյալ հրապարակումներ արվեն: Այդ մշակույթը ոչ միայն մեր մոտ չկա, այլ չկա ընդհանրապես: Այդտեղ ես որևէ աննորմալ բան չեմ տեսնում: Իսկ հիմա արդեն պայմանագիրը հասանելի է բոլորիս: Ճիշտ է, այն մեծ ու երկար է, բայց այն իրապես հասանելի է և մեծ ցանկության դեպքում ուղղակի կարելի է կարդալ: Բայց եթե այնքան համբերություն ունեն, որ կկարողանան սպասել մինչև պայմանագրի՝ խորհրդարանում քննարկվելը, թող սպասեն, թե պատգամավորներն ինչ հարցեր են բարձրացնում: Հրապարակային փաստաթղթից հետո բոլոր եթե-ներն անիմաստ խոսակցություն են»: Հարցին, թե հնարավո՞ր է մաքսակետ ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև՝ Կարեն Բեքարյանն ասաց, որ չի ցանկանում շոշափել մի թեմա, որը չկա.«Մենք երևի չենք պատկերացնում, որ այդ թեման ինտենսիվ շոշափելով ինչ-որ էական ուշադրություն ենք սևեռում մի հարցի վրա, որը շահեկան չէ»: