Հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի հայտարարության, փոխզիջումների և այլ հարցերի շուրջ ORER.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, փորձագետ Հովհաննես Իգիթյանի հետ:-Պարո՛ն Իգիթյան, հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևը հայտարարել էր, թե հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող հարցերում: Ըստ ձեզ՝ ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը:-Նազարբաևն ի նկատի ուներ ԼՂՀ-ի և Հայաստանի միջև մաքսակետի առկայության հարցը: Իսկ այն, որ Նազարբաևն ասել է, թե հաջողվել է փոխզիջման հասնել, այ ես դա չեմ հասկանում, մաքսակետ դնելու կամ չդնելու փոխզիջումը ես չեմ հասկանում: Մաքսակետ կա, կամ չկա: Ինձ թվում է, որ այդ հարցի մասին չի խոսվել: Իմ կարծիքով՝ ԵՏՄ-ի նպատակը ոչ թե խնդիրներ լուծելն է, այլ աշխարհին Ռուսաստանի հեղինակությունը ցույց տալը :-Պարո՛ն Իգիթյան, ընդունված կարգ է, որ բանակցությունների ընթացքում արվող քննարկումները չեն հրապարակվում: Հիմա բանակցություններն ավարտվել են, պայմանագիրն էլ ստորագրվել է: Ի՞նչ է իրենից ներկայացնում ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի միջև կնքված պայմանագիրը: Ասվո՞ւմ է հստակ որևէ բան, որով հնարավոր լինի պատկերացում կազմել ԵՏՄ կառույցի մասին:-Պետք է հենց այդ հարցը տալ այն նույն մարդկանց, ովքեր ներկա են եղել և հնարավոր փոխզիջմանը, երևի թե, տեղյակ կլինեն: Դուք ճիշտ եք ասում, որ պայմանագրում պատշաճ ձևով որևէ տեղ նշված չէ մաքսակետի մասին: Ես կարծում եմ, որ բոլորը պատրաստ են աչքերը փակել այդ հարցի վրա, բայց նորից քայլեր անել և այդ հարցը բարձրացնել: Իսկ թե ինչո՞ւ Նազարբաևն այս անգամ հարցը կտրուկ չբարձրացրեց, ինչպես նախորդ անգամ, որովհետև նույն Ղազախստանն ու Բելառուսը իրենց քաղաքականությունն են տանում, որն ամենևին համահունչ չէ Ռուսաստանի և ԵՏՄ-ի չափանիշներին: Նույն Ղազախստանը մի քանի օր առաջ լուրջ համաձայնագրեր էր ստորագրում Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ, նույն Բելառուսն էլ՝ բարձր մակարդակով հանդիպումներ է ունենում Եվրամիության տարբեր պաշտոնյաների հետ: -Ուրեմն հասարակությունը պետք է սպասի՞ խորհրդարանական քննարկումներին՝ պայմանագրում և դրանից բխող քայլերի հստակեցման համար, թե՞ այդ դեպքում ևս գոնե ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև մաքսակետի առկայության մասին հստակեցում չի լինի:-Ես չեմ կարծում, որ խորհրդարանում որևէ մեկը՝ թե՛ իշխանական ուժերը, թե՛ ոչիշխանական ուժերը, կունենան այդ հարցի պատասխանը: Նույնիսկ ՀՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ չեն, թե ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը կամ ինչպե՞ս պետք է զարգանան հարաբերությունները ԵՏՄ-ի ներսում: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումից առաջ էլ չի քննարկում հարցը իր թիմակիցների հետ, կամ վերադառնալուց հետո՝ չեմ կարծում, որ մանրամասները հայտնում է նույնիսկ ի պաշտոնե պետության երկրորդ դեմքին: