Մարդու քնի որակը ուղղակի կապ ունի նրա ընդունած սննդի հետ
LifestyleՄասնագետները պնդում են, որ սննդի եւ քնի որակի միջեւ հստակ կապ գոյություն ունի: Այն մարդիկ, ովքեր շատ շաքար եւ վերամշակված սնունդ են օգտագործում, ավելի վատ են քնում, քան նրանք, ում սննդակարգն ավելի առողջ է: Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել են 35 տարեկան 13 տղամարդ եւ 13 կին կամավորներ: Բոլոր մասնակիցների քաշը նորմայի սահմաններում էր: 5 օրվա ընթացքում նրանք պառկել են քնելու երեկոյան ժամը 10-ին եւ արթնանացել են առավոտյան 7-ին: Նրանց գիշերային քնի միջին տեւողությունը 7 ժամ 35 րոպե էր:
Բազմաթիվ անգամ քնի գրանցման օգնությամբ գիտնականները կարողացել են գնահատել կամավորների քնի որակը: Վերլուծության ընթացքում հաշվի են առել նաեւ հետազոտության մասնակիցների նախօրեին ընդունած սնունդը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի շատ բջջանյութ օգտագործած մարդկանց քունը խորն էր: Նրանք, ում սննդում շատ հագեցած ճարպեր, շաքար եւ քիչ բջջանյութ էր ներառված, անհանգիստ էին քնել եւ հաճախ էին արթնացել:
Հետազոտողների ստացած արդյունքները ցույց են տվել, որ սննդի բնույթի փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ քնի որակի վրա: Այդ պատճառով ոչ նորմալ և անառողջ քնից գանգատվողներին կարող է օգնել սննդի մեջ ավելի շատ բջջանյութի ներառումը եւ քաղցրի օգտագործման կրճատումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: