Լապշինին ցուցաբերվում է որակավորված փաստաբանական օգնություն. Զախարովա
International newsԲլոգեր Ալեքսանդր Լապշինին ցուցաբերվում է որակավորված փաստաբանական օգնություն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Լապշինը շարունակում է մնալ Բաքվի մեկուսարանում, հետաքննությունը դեռևս շարունակվում է: Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչներն այցելել են պարոն Լապշինին: Որևէ լուրջ դժգոհություն գտնվելու վայրի պայմանների հետ կապված չի ստացվել»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ ներկա դրությամբ ՌԴ քաղաքացուն ցուցաբերվում է որակավորված փաստաբանական օգնություն, իսկ ՌԴ դեսպանությունը գտնվում է մշտական կապի մեջ փաստաբանի, Լապշինի հարազատների, իրավապահ մարմինների, դատախազության, Ադրբեջանի արտգործնախարարության, ինչպես նաև Բաքվում Իսրայելի դեսպանության հետ:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: