Թուրքիայի արտգործնախարարը սպառնալիքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Գերմանիայի իշխանությունների որոշումը` արգելելու Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին ելույթ ունենալ գերմանական Գագգենաու քաղաքում: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հակադարձելու է նման որոշմանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական T24 լրատվականը:
«Եթե ցանկանում եք աշխատել մեզ հետ, պետք է իմանաք ինչպես վարվել մեզ հետ: Նման կերպ գործեր չեն արվում, այսպես չի շարունակվի: Մենք կտանք դրա պատասխանը: Առանց քաշվելու ցանկացած տեսակի պատասխան կտանք, իսկ մնացածի մասին արդեն դուք մտածեք»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե գերմանական իշխանությունները նախկինում նմանօրինակ որոշումներ էլի են կայացրել: «Դուք պետք է մեզ վերաբերվեք իբրև հավասարի: Դուք Թուրքիայի ղեկավարը չեք: Ոչ էլ առաջին կարգի եք, իսկ Թուրքիան` երկրորդ: Մենք ձեզ այդպես չենք վերաբերում, դուք էլ Թուրքիային ստիպված եք վերաբերվել որպես հավասարի»,- նշել է Չավուշօղլուն: