Թրամփը նոր միգրացիոն համաձայնագիրը կստորագրի երկուշաբթի օրը
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի իր միգրացիոն նոր համաձայնագիրը երկուշաբթի օրը: Այդ մասին հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների:
Լրատվամիջոցը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե որքան նշանակալից կլինեն փոփոխությունները՝ համեմատ նախորդ հրամանագրի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է նոր միգրացիոն հրամանագրի ստորագրումը, որը նախատեսվածի համաձայն պետք է տեղի ունենար չորեքշաբթի:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն փախստականների ընդունման բոլոր ծրագրերը դադարեցվում են 120 օրով, իսկ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի` Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է 90 օրով։ Այժմ հրամանագիրը վերաքննիչ դատարանի որոշմամբ ժամանակավորապես չի գործում:
Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստել է նոր միգրացիոն հրամանագիր, որը կփոխարինի ավելի վաղ ներկայացված ու առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանագրին:
Ըստ նոր հրամանագրի՝ արգելված երկրների ցանկից կհանվի Իրաքը, որի քաղաքացիները կկարողանան անարգել Միացյալ Նահանգներ գնալ:
Լրատվամիջոցի աղբյուրը մանրամասնել է, որ Թրամփն իր որոշումը փոխել է Պենտագոնի և Պետդեպարտամենտի կողմից գործադրված ճնշումների պատճառով: Հայտնի է, որ այս գերատեսչությունները ստիպել են Սպիտակ տանը վերանայել Իրաքի մասով որոշումը, քանի որ այդ երկիրն ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: