Հայաստանում կրթությունը պետք է ապաքաղաքականացնել․ Անահիտ Բախշյան
PoliticsԱյսօրվա դրությամբ Հայաստանում կրթւոթյունը չափից քաղաքականացված է, ու դա բացասաբար է անդրադառնում դրա որակի վրա ՝ ստեղծելով մի շարք խնդիրներ։ Այս մասին մարտի 5-ին հայտնել է Անահիտ Բախշյանը, ներկայացնելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագիրը։
Նրա խոսքով, այսօր հայկական բուհերի խորհուրդների ներկայացուցիչներ են դառնում չինովնիկները, որոնք թելադրում են իրենց կամքը՝ խանգարելով կրթական գործընթացին։ Անահիտ Բախշյանն այս երեւույթը համեմատել է մետաստազներ տվող քաղցկեղային ուռուցքի հետ՝ ինչպես մետաստազներն են գրավում ներքին օրգանները, թույլ չտալով, որ դրանք նորմալ գործեն ,այդպես էլ քաղաքականացված չինովնիկները թույլ չեն տալիս, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները աշխատեն ու շնչեն։
ԽՈսելով Հայաստանի կրթական համակարգի մյուս խնդիրների մասին՝Անահիտ Բախշյանը նկատել է, որ բուհերը չեն նպաստում գիտությամբ ու հետազոտություններով զբաղվելուն, բացի դրանից, բուհերում ստացվող գիտելիքները ոչ միշտ են համապատասխանում գործատուների պահանջներին։ Վերջին խնդիրը լուծելու համար Բախշյանը առաջարկում է բարելավել համագործակցությունը գործատուների ու բուհերի միջեւ։
Կրթական համակարգի մեկ այլ խնդիր է պետպատվերի բացակայությունը մի շարք բուհական մասնագիտությունների համար։ Դա նրա խոսքով, լրջորեն խախտում է կրթություն ստանալու՝ մարդու իրավունքը։
Հետաքրքիր է նաեւ, որ Հայաստանում բուհերը խոշորագույն հարկատուներից են, ինչը Բախշյանի կարծիքով տարօրինակ է ու այդքան էլ ճիշտ չէ։ Հսկայական հարկեր վճարելու փոխարեն, բուհերը կարող էին այդ միջոցները ուղղել իրենց տեխնիկական հնարավորությունների բարելավմանն ու կրթության մակարդակի բարձրացմանը։