Էրդողանը մեղադրել է Գերմանիային նացիստական պահվածքի մեջ
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է գերմանական իշխանություններին այն բանի համար, որ թուրք նախարարներին արգելվել է երկրում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle պարբերականը, Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը մեղադր ել է Գերմանիային նացիստական քաղաքականություն վարելու մեջ:
«Հեյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ հեռու-մոտիկ որևէ կապ չունեք: Իմացեք, որ ձեր ներկայիս պահվածքը չի տարբերվում անցյալի նացիստական պահվածքից»,- ասել է Էրդողանը
Նա հայտարարել է, որ այս հարցը պարբերաբար բարձրացվելու է միջազգային մակարդակի հանդիպումների ժամանակ: «Մենք այլևս չենք ուզում տեսնել նացիստական աշխարհը, ֆաշիստական ռեժիմները: Մտածում էի, թե Գերմանիան վաղուց թողել է այդ ամենը: Սակայն ստացվում է, որ սխալվել եմ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:
Որոշումը խստորեն դատապարտել է Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ է համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: