Իրաքի վարչապետն առաջին անգամ Մոսուլ է ժամանել ԻՊ-ի կողմից քաղաքի գրավումից հետո
International newsԻրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին առաջին անգամ Մոսուլ Է ժամանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականին քաղաքի գրավումից հետո:
Այդ մասին հայտնել Է «Աս Սումարիա» հեռուստաալիքը:
Նրա տեղեկատվության համաձայն, Իրաքի կառավարության ղեկավարը եւ հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը Մոսուլ Է ժամանել, որպեսզի անձամբ ծանոթանա ահաբեկիչներից քաղաքն ազատագրելու գործողության ընթացքին եւ անցկացնի ռազմարշավում գործի դրված ստորաբաժանումների ստուգում:
Ավելի վաղ կառավարական ուժերի ջոկատները հայտարարել Էին արեւմտյան Մոսուլի կենտրոնական թաղամասերում կառավարական շենքերի համալիրի նկատմամբ լիակատար հսկողությունը վերադարձնելու մասին:
Քաղաքից ստացվող տեղեկությունների համաձայն, զինյալներն իրաքցի զինվորականների մարտական հաջողություններից հետո ԻՊ-ի ղեկավարությունից կարգադրություն են ստացել շտապ կարգով հեռանալ Մոսուլից եւ ուղեւորվել Ռաքքա՝ Սիրիայում ԻՊ-ի գլխավոր պատվարը:
Մոսուլի՝ երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի եւ ԻՊ-ի իրաքյան մայրաքաղաքի ազատագրման ռազմարշավն սկսվել Է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին: Հունվարի վերջին հաջողվեց իշխանությունների հսկողության տակ վերադարձնել արեւելյան Մոսուլը, իսկ փետրվարի 19-ին վարչապետ Հեյդար ալ Աբադին տվեց արեւմտյան Մոսուլի վրա հարձակման մեկնարկը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքի՝ ելուզակային կազմավորումների կողմից դեռեւս վերահսկվող այս մասում բնակվում Է ավելի քան 700 հազար մարդ: ԻՊ-ի զինյալների դեմ գործողության սկսվելուց ի վեր Մոսուլի արեւելյան ու արեւմտյան թաղամասերից իրենց տները հարկադրված են եղել լքել գրեթե 200 հազար բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: