Human Rights Watch-ն անդրադարձել է Ադրբեջանում բլոգեր Մեհման Հուսեյնովին ազատազրկելու որոշմանը
International newsHuman Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի ազատազրկմանը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Հայտնի Բլոգեր Մեհման Հուսեյնովի ձերբակալությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը որպես երկիր ժողովրդավարական տեսանկյունից ավելի է հետ գնացել»,- հայտարարության մեջ գրել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գիորգի Գոգիան:
Հուսեյնովն ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտություն կատարելու հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
Բլոգերը հայտնել էր ոստիկանական բաժանմունքում խոշտանգումների ենթարկվելու մասի: Նրա խոսքերով 2017-ի հունվարի 9-ին մի խումբ անձինք իր գլխին պարկ են անցկացրել, փակել բերանը, ուժով նստեցրել մեքենա և տարել ոստիկանություն: Բլոգերը հայտնել է նաև, որ ոստիկանական բաժանմունքում իրեն ծեծին են ենթարկել, ստիպել են ստորագրել մի փաստաթուղթ, որի մասին ինքը չի հիշվում:
Գիորգի Գոգիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել արդարացի քննել Հուսեյնովի գործը, ազատ արձակել նրան և պատժել այն ոստիկաններին, ովքեր բլոգերի նկատմամբ անօրինականություններ են կատարել և խոշտանգումների ենթարկել նրան:
Բլոգերի ձերբակալությունը ի թիվս այլ միջազգային կազմակերպությունների և կառույցների դատապարտել էր նաև ԵԱՀԿ-ն:
«Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Մեհման Հուսեյնովին: Հույս ունեմ, որ նրան ազատազրկելու որոշումը կարող է փոխվել բողոքարկման գործընթացի ժամանակ»,- ասել էր Զանգվածային լրատվության միջոցների հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Նա նաև Ադրբեջանին կոչ էր արել պահել խոստումը և քայլեր ձեռնարկել զրպարտությունը ապաքրեականացնելու ուղղությամբ: Միյատովիչը հիշեցրել էր, որ բազմիցս բարձրացրել է այդ հարցը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը հայտարարել էր, որ համապատասխան մարմինների կողմից մանրամասն պետք է ուսումնասիրվեն Հուսեյնովի հաղորդումները կալանավայրում իր նկատմամբ բռնությունների և խոշտանգումների մասին: «Այս պարագայում դատարանի որոշումն էլ մտահոգության առիթ է տալիս»,- ասել էր նա: