Գերմանիայի ֆինանսների նախարարը մտահոգություն է հայտնել թուրք-գերմանական լարված հարաբերությունների առնչությամբ
International newsԳերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտնել է, որ չափազանց մտահոգված է վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածությամբ:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առկա հռետորաբանության նման զարգացումները ընդունել եմ մեծ մտահոգությամբ: Գերմանիան կողմ չէ առկա լարվածությանը, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ Գերմանիայի վերաբերյալ նման կերպ արտահայտվեն»,- ասել է Շոյբլեն:
Վերջին օրերին Թուրքիայի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս փոխադարձ մեղադրանքներով և լարված հռետորաբանությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է գերմանական իշխանություններին այն բանի համար, որ թուրք նախարարներին արգելվել է Գերմանիայում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել:
«Հեյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ հեռու-մոտիկ որևէ կապ չունեք: Իմացեք, որ ձեր ներկայիս պահվածքը չի տարբերվում անցյալի նացիստական պահվածքից»,- ասել էր Էրդողանը
Նա հայտարարել է, որ այս հարցը պարբերաբար բարձրացվելու է միջազգային մակարդակի հանդիպումների ժամանակ: «Մենք այլևս չենք ուզում տեսնել նացիստական աշխարհը, ֆաշիստական ռեժիմները: Մտածում էի, թե Գերմանիան վաղուց թողել է այդ ամենը: Սակայն ստացվում է, որ սխալվել եմ»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահը:
Գերմանիայի կառավարությունը պատասխանելով Էրդողանի հայտարարությանը՝ այն համարել էր անհեթեթություն:
«Նացիստական համեմատությունները միշտ անհեթեթ են և անտեղի»,- հայտարարել էր Զայբերտը: Ասելով, որ գերմանական կառավարությունը մշտապես մեծ կարևորություն է տվել Թուրքիայի հետ հարաբերություններին` խոսնակն այդուհանդերձ ընդգծել էր, որ «ներկայիս օրերում խորը տարաձայնություններ կան»:
Թուրքիայի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լարվել են ծագմամբ թուրք գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո: