ԱՄՆ ԿՀՎ-ն կոտրել է iPhone-ն ու Android համակարգով աշխատող սմարթֆոնները` օգտատերերին լրտեսելու համար. WikiLeaks
International newsԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը վիրուսային ծրագրեր է մշակել, որոնք թույլ են տվել լրտեսել մարդկանց իրենց բջջային հեռախոսների, այդ թվում` iPhone-ների միջոցով:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է WikiLeaks կազմակերպությունը, որը համացանցում հրապարակել է մեծ թվով փաստաթղթեր, որոնք պատկանում են ԿՀՎ-ին:
Կազմակերպության տվյալներով` հետախուզական գերատեսչության`բջջային սարքավորումների համար պատասխանատու բաժինը տարատեսակ մեթոդներ է մշակել «հեռակա կարգով սմարթֆոնները կոտրելու և կառավարելու համար»: «Կոտրված» հեռախոսով հնարավոր է եղել ԿՀՎ-ին այնպիսի տվյալներ ուղարկել, ինչպես օրինակ` օգտատիրոջ գտնվելու վայրը, ինչպես նաև հասանելի էին դառնում հեռախոսազրույցները և հաղորդագրությունները:
Բացի այդ, հեռակա կարգով հնարավոր է եղել ակտիվացնել բջջային սարքի բարձրախոսն ու տեսախցիկը:
Վիրուսային ծրագրերը նախատեսված են եղել iPhone-ի, ինչպես նաև iPad պլանշետների համար: ԿՀՎ-ում միջոց են մշակել նաև Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները կոտրելու համար: