Ուկրաինական պետական ձեռնարկության ղեկավարի մոտ խուզարկությամբ ոսկե լվացարան են գտել
International newsՈւկրաինայի իրավապահ մարմինների աշխատակիցները «Էլեկտրաքարշաշինական» պետական ձեռնարկության տնօրեն Ալեքսանդր Զելդինի մոտ խուզարկություն կատարելիս ոսկեզօծ լվացարանակոնք են հայտնաբերել: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:
Դնեպրոպետրովսկի մարզի դատախազության կայքում հաղորդվել է, որ լվացարանից բացի, հայտնաբերվել եւ առգրավվել է ոսկե ժամացույց՝ ժամանակցույցի վրա երկգլխանի արծիվով, իսկ հակառակ կողմում՝ «Ռուսաստանի նախագահից» փորագրությամբ:
Քննչական միջոցառումն անցկացվել է քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական դիրքի չարաշահմամբ ուրիշի գույքին տիրանալու, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, ավելի քան մեկ ամիս քաղաքացիներին աշխատավարձ չվճարելու մեղադրանքներով:
Քննության վարկածով՝ 2014 թվականին Զելդինը «Թղթի ֆաբրիկա» ԲԲԸ-ի հետ 3 մլն գրիվնայի գործարք է կնքել էլեկտրաքարշների վերանորոգման շուրջ՝ «հավաստի իմանալով, որ նշված ձեռնարկությունը թուղթ եւ ստվարաթուղթ արտադրող է»: Դրանից բացի, 2016-ի հոկտեմբերից մինչեւ 2017-ի հունվար Զելդինը աշխատակիցներին աշխատավարձ չի վճարել, ինչի հետեւանքով էլ առաջացել է 6,4 մլն գրիվնայի պարտքը: