ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը տեղի կունենա մայիսին Թբիլիսիում
International newsՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը կանցկացվի մայիսի 26-29-ը Վրաստանի մայրաքաղաքում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հաղորդել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը` Իտալիայում վրաց վարչապետ Գեորգի Կվիրկաշվիլիի և ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ Պաոլո Ալլիի հանդիպման ավարտին ստացված տեղեկության հիման վրա:
Աղբյուրի տվյալներով` հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի և դաշինքի միջև համագործակցության փաթեթի դրույթների իրագործման հարցերը: Ալլին ընդգծել է, որ Վրաստանը մեծ հաջողությունների է հասել ՆԱՏՕ-ի ինտեգրման ճանապարհին:
Նշվում է, որ մարտի 8-ին Հռոմ կատարած այցի շրջանակներում վրաց վարչապետը մասնակցել է իտալա-վրացական բիզնես համաժողովին, որի ընթացքում քննարկվել են առևտրի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները: