Թուրքիան հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները. Նալբանդյանը՝ հույն լրագրողի հարցին
PoliticsՀայաստանն իր կողմից բավականաչափ քայլեր է արել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մարտի 10-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հույն լրագրողներից մեկի հարցին՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
«Դուք լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթաց, սակայն Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Թուրքիան հրաժարվեց վավերացնել արդեն ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները՝ խախտելով ամենակարևոր միջազգային սկզբունքերից մեկը, որ պայմանավորվածությունները չպետք է խախտվեն»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարը հավելեց, որ Հայաստանը միշտ բաց է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու համար: Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ մի օր Թուրքիան էլ կհարգի ձեռք բերված պայմանավորվածությունները և իր կողմից քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: