Առողջապահության նոր բարենորոգումն ԱՄՆ-ում առանց ապահովագրության կթողնի միլիոնավոր մարդկանց. զեկույց
International newsԱռողջապահության բնագավառում այն օրինագծի ընդունումը, որը պետք Է փոխարինի գործող համակարգը, թույլ կտա մինչեւ 2026 թվականը ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կրճատել 337 միլիարդ դոլարով, սակայն առանց բժշկական ապահովագրության կմնան ավելի քան 50 միլիոն ամերիկացիներ:
Դա հետեւում Է Կոնգրեսի բյուջեի վարչության հաշվետվությունից:
Ներկայում Կոնգրեսում քննարկվում Է «Ամերիկյան բժշկական օգնության մասին» օրինագիծը՝ պատրաստված հանրապետականների կողմից: Այն կոչված Է փոխարինելու «Մատչելի բժշկական օգնության» համակարգին, որն ընդունվել Է 2010 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք (այսպես կոչված Obamacare-ին): Օրինագծի գլխավոր առանձնահատկություններից մեկը բժշկական ապահովագրաթերթի պարտադիր գնման վերացումն Է, ինչպես նաեւ մի շարք հարկային արտոնությունների սահմանումը եւ այս ոլորտում նպաստների վերաբաշխումը:
Արդյունքում ավելի քիչ թվով ամերիկացիներ կունենան բժշկական ապահովագրաթերթեր: Բյուջետային վարչության գնահատումներով՝ 2018 թվականին լրացուցիչ կլինեն 18 միլիոն այդպիսի մարդիկ, իսկ մինչեւ 2026 թվականը այդ թիվը կկազմի 24 միլիոն: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի այն քաղաքացիների թիվը, որոնք չեն ունենա բժշկական ապահովագրաթերթեր, 2026 թվականին կհասնի 52 միլիոնի (ներկայում ԱՄՆ-ի բնակչությունը ավելի քան 324 միլիոն Է), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: