Նիդերլանդների վարչապետը տարօրինակ է համարել Թուրքիայի կողմից պատժամիջոցների մասին որոշումը
International newsՆիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտն արձագանքել է Թուրքիայի կողմից իրենց հայտարարված պատժամիջոցներին` թուրքական կողմի քայլը տարօրինակ որակելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
«Այն դեպքում, երբ Նիդերլանդներն ավելի շատ պատճառներ ունեն բարկանալու համար, տարօրինակ է, որ Թուրքիան է պատժամիջոցներ կիրառում»,- ասել է Ռուտը: Նա հեգնել է թուրքական կողմի պահվածքն` ասելով. «Թուրքիայի նոր պատժամիջոցները շատ էլ վատը չեն»:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերությունները, նախատեսված հավաքները և բարձր մակարդակի հանդիպումներն առկախելու որոշման մասին: Մասնավորապես, փոխվարչապետը հայտնել է, որ իրենք չեղյալ են համարել Նիդերլանդների համար դիվանագետների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու թույլտվությունը: «Այս պահին արտերկրում գտնվող Նիդերլանդների դեսպանի վերադարձը Թուրքիա արգելված է, քանի դեռ չեն կատարվել մեր մատնանշած կետերը»,-հայտնել է Քուրթուլմուշը:
Նա տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել խորհուրդ տալ մեջլիսին չեղյալ համարել Թուրքիա-Նիդերլանդների խորհրդարանական բարեկամական խմբի թուրքական հատվածը: