Հոլանդական տուր-օպերատորը դադարեցրել է համագործակցությունը թուրքական ավիաընկերության հետ
International newsՆիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների լարման հետևանքով հոլանդական «Go Explore» տուր-օպերատորը որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը «Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերության հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Go Explore»-ի տնօրինության որոշման համաձայն` տուր-օպերատորի կողմից Հյուսիսային Աֆրիկա կատարվելիք թռիչքների ժամանակ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռներն այլևս չեն օգտագործվելու:
Ընկերության սեփականատեր Դենի վան Գելդրոփն այս որոշման առնչությամբ ասել է. «Կարծում եմ պետք է մի բան ձեռնարկել, երբ մեզ ներկայացնող վարչապետին մեղադրում են նացիստ և ֆաշիստ լինելու մեջ: Մտածեցի` ի՞նչ կարող եմ անել: Նախ և առաջ կարող եմ չգնալ Թուրքիա որպես զբոսաշրջիկ: Իսկ որպես կազմակերպություն՝ որոշեցի չօգտագործել «Թուրքական ավիաուղիներ»-ը»: Նա նշել է, որ «Go Explore»-ի 20-ամյա պատմության մեջ նման որոշում ընդունվում է առաջին անգամ: «Մենք տուր-օպերատոր ենք, քաղաքական կազմակերպություն չենք: Սակայն հարցն ինձ դիպավ, դա ազդեց ողջ Նիդերլանդների վրա»,- նշել է Դենի վան Գելդրոփը:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, ինչ հոլանդական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին և մասնավորապես արտգործնախարար Չավուշօղլուին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալ իր տարածքում: Ավելի ուշ Նիդերլանդները թուրք նախարարների ինքնաթիռներին չթույլատրեց վայրէջք կատարել իր տարածքում: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» հայտարարեց ու արտաքսեց երկրից:
Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել հոլանդական կողմին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն առկախելու որոշման մասին` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար: