ԱՄՆ-ում եւս մի դատավոր արգելափակել Է Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը
International news ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում համերկրային դատավորն արգելափակել Է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը, որը ժամանակավորապես արգելում Է մուսուլմանական վեց երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 16-ին հայտնել Է CNN ամերիկյան հեռուստաալիքը:
Մերիլենդը դարձել Է ԱՄՆ-ի երկրորդ նահանգը, որը փորձում Է դատարանի միջոցով հասնել երկրի նոր վարչակազմի հակամիգրացիոն կարգադրության չեղարկմանը:
Նախօրյակին Հավայիի նահանգում ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանը ժամանակավոր արգելք Է դրել ներգաղթի սահմանափակման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրի կատարման վրա: Այսպիսով, ինչպես նշվում Է, դատարանի վճիռը կասեցնում Է այն հրամանագրի գործողությունը, որը պետք Է ուժի մեջ մտնի մարտի 16-ին:
Թրամփը դատավոր Դերիք Ուոթսոնի վճիռը որակել Է «դատական իշխանության լիազորությունների աննախադեպ վերազանցում»: Նա խոստացել Է դա չեղարկել ցանկացած միջոցներով: «Մենք այնքան հեռու կգնանք, որքան պահանջվի, այդ թվում նաեւ մինչեւ Գերագույն դատարան»,- հայտարարել Է նախագահը:
Ավելի վաղ, բացի Հավայիից, Թրամփի ներգաղթային հրամանագիրը վիճարկելու մտադրություն Էին հայտնել Նյու Յորքի եւ Վաշինգտոնի նահանգները:
Նոր խմբագրությամբ փաստաթուղթը Թրամփն ստորագրել Է մարտի 6-ին: Հրամանագիրն 90 օրով կարգելի ԱՄՆ ժամանել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիներին: Փաստաթղթի գործողությունը չի տարածվում մինչեւ հունվարի 27-ը տրված այցագրերի կամ կեցության վկայագրերի տերերին:
Բացի դրանից, 120 օրով կկասեցվի փախստականների ընդունման ծրագիրը: Այս միջոցը չի վերաբերի նրանց, ում ԱՄՆ ժամանման ժամկետ են նշանակել, ում պարտավորվել են ընդունել եւ արդեն ընդունել են:
Ներգաղթի քաղաքականության խստացման մասին առաջին հրամանագիրը Թրամփն ստորագրել Էր հունվարի 27-ին: Փաստաթուղթը բողոքի ալիք առաջացրեց երկրում, հետագայում դրա գործողությունն արգելափակվեց դատարանի կողմից: