Անջելինա Ջոլին ՄԱԿ-ում բարձրացրել է ողջ աշխարհում ազգայնականության աճող մակարդակի հարցը
International newsՄԱԿ-ի` փախստականների հարցով Գերագույն հանձնակատարի հատուկ դեսպանորդ Անջելինա Ջոլին, ելույթ ունենալով Սերժիու Վիեյրա դե Մելլուի և ՄԱԿ-ի մյուս զոհված աշխատակիցների ոգեկոչման արարողության ժամանակ, բարձրաձայնել է ազգայնականության աճող մակարդակի մասին:
«Մենք բախվել ենք հակամարտությունների և սպառնալիքի այնպիսի մակարդակի հետ, որ թվում է, թե գերազանցում է մեր կամքն ու հնարավորությունները», - CNN-ի հաղորդմամբ` հայտարարել է Ջոլին:
«Ես հպարտ ամերիկացի եմ, և ես ինտերնացիոնալիստ եմ, ինչպիսին պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ ցանկացած ոք: Դա բխում է հայրենիքի հանդեպ սիրուց, բայց ոչ անտեսելով մյուսներինը, հայրենասիրությունից, բայց ոչ նեղ ազգայնականությունից: Այսօր մեր մարտահրավերն է վերականգնել հավասարակշռությունը և հույսը մեր երկրներում», - հավելել է դերասանուհին:
Սերժիու Վիեյրա դե Մելլուն մահացել է Բաղդադում` ՄԱԿ-ի շենքում, 2003-ի օգոստոսին տեղի ունեցած պայթյունի հետևանքով: