Air France-ը չեղարկում է չվերթները` բորտուղեկցորդների գործադուլի պատճառով
International newsAir France ընկերությունում երկրորդ օրն է, ինչ շարունակվում է բորտուղեկցորդների գործադուլը: Կիրակի օրը` մարտի 19-ին, ակցիային են միացել ընկերության բորտուղեկցորդների եւ բրտուղեկցորդուհիների մոտ 38 տկոսը, սակայն ավիափոխադրողը պնդում է, որ չվերթների վրա այն գործնականում չի ազդել եւ խոստանում չեղարկել առավելագույնը չվերթների 10 տոկոսը, հաղորդում է RFI-ը:
Հեռավոր չվերթները կիրականացվեն ամբողջական ծավալով` ըստ չվացուցակի, վստահեցրել են Air France-ում: Նախատեսվում է չեղարկել միջին հեռավորության չվերթների 10 տոկոսից ոչ ավելին: Ծրագրվում է նաեւ իրականցնել ներքին չվերթների 85 տոկոսը: Սակայն ընկերությունը չի բացառում «վերջին րոպեին» հետաձգումները կամ չեղարկումները: Իսկ որոշ չվերթների ուղեւորների թիվը կարող է նվազեցվել:
Գործադուլը կշարունակվի նաեւ երկուշաբթի օրը, սակայն ընկերությունում վստահեցնում են, որ դրա մասնակիցների թիվը կնվազի 30 տոկոսով:
Ընկերության աշխատակիցները բողոքում են ընդդեմ նոր աշխատանքային պայմանագրի, ինչպես նաեւ քիչ բյուջե պահանջող ավիաընկերության` Boost մասնաճյուղ ստեղծելու ղեկավարության ծրագրերի դեմ: