Սոցիալ-դեմոկրատները Մերկելի դաշինքից առաջ են անցել Շուլցի կուսակցապետ ընտրվելուց հետո
International newsԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերջին շաբաթվա ընթացքում կարողացել Է ավելացնել ժողովրդականությունը եւ այժմ օգտվում Է գերմանացիների 32 տոկոսի աջակցությունից:
Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի՝ INSA-ի տվյալները, որոնք հրապարակվել են մարտի 20-ին:
Bild թերթի պատվերով անցկացված հարցման համաձայն, սոցիալ-դեմոկրատներն առաջ են անցել կառավարող կոալիցիայի եւ հիմնական մրցակիցների՝ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների գծով իրենց գործընկերներից:
Շաբաթվա ընթացքում ՔԴՄ/ՔՍՄ-ի վարկանիշը չի փոխվել եւ մնացել Է 31 տոկոս մակարդակի վրա: Նախկինն Է մնացել Ձախ կուսակցության (8,5 տոկոս), կանաչների (6,5 տոկոս) եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպության (11,5 տոկոս) աջակցության մակարդակը: Սոցիալ-դեմոկրատներին իրենց առաջատարությունը հաջողվել Է ապահովել ի հաշիվ Ազատ դեմոկրատական կուսակցության եւ քաղաքական այլ ուժերի կողմնակիցների, որոնք կանխապես հնարավորություն չունեն ընտրություններում հաղթահարելու 5 տոկոսի շեմը: Այսպես, Ազատ դեմոկրատական կուսակցության ընտրազանգվածը կրճատվել Է 0,5 տոկոսով, նույնքան ընտրողներ Էլ ԳՍԴԿ-ին են հարել այլ ոչ մեծ կուսակցություններից:
ԳՍԴԿ-ին հաջողվել Է վերստին առաջատար դառնալ կուսակցական համագումարի շնորհիվ, որտեղ մարտի 19-ին Մարտին Շուլցը պաշտոնապես հաստատվեց կուսակցության նախագահ եւ կանցլերի պաշտոնի թեկնածու:
Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքներով ձեւավորվելու Է կառավարությունը եւ որոշվելու Է կանցլերը, նշանակված են սեպտեմբերի 24-ին: Դրանցում բնակչությունը քվեարկելու Է կուսակցությունների օգտին, որոնցից յուրաքանչյուրն առաջադրում Է նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնի թեկնածուին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: