Հայաստանում տարեցների շուրջօրյա խնամքի 11 կենտրոն է գործում. ամեն ինչ տուն- ինտերնատների մասին
SocietyՏարեցների շուրջօրյա խնամքի կենտրոնները՝ տուն-ինտերնատները, ամբողջ հանրապետությունում 11-ն են, որոնցից 5-ը պետական։
Ոչ պետական տուն-ինտերնատներից յուրաքանչյուրում ապրում է մոտավորապես 10-15 մարդ, իսկ պետական տուն-ինտերնատներում՝ սկսած 200-ից մինչև 450 տարեց մարդ է բնակվում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը։
«Ե՛վ պետական, և՛ ոչ պետական այդ կառույցները լինում են երկու տեսակի՝ ընդհանուր տիպի և հատուկ տիպի։ Ընդհանուր տիպի ծերանոցները առողջ մարդկանց համար են, իսկ հատուկները՝ միայն հոգեկան խանգարումներ ունեցողների։ Հաշմանդամություն ունեցող անձինք, եթե չունեն հոգեկան առողջության խնդիրներ, նույնպես ապրում են ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում»,- նշեց Անահիտ Գևորգյանը և հավելեց, որ հատուկ տիպի շուրջօրյա հաստատությունները չորսն են՝ երկուսը պետական, երկուսը ոչ պետական։
Ոչ պետական են Սպիտակ քաղաքում գտնվող խնամքի տունը և Երևանի «Ջերմիկ անկյունը», իսկ պետական են համարվում Վարդենիսի տուն-ինտերնատը և «Ձորակ» խնամքի կենտրոնը։
Ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում ապրում են 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք և 65 տարեկան ծերեր։ Այսինքն՝ այստեղ ապրում են և՛ հաշմանդամություն ունեցող անձինք, և՛ ուղղակի ծերեր։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետը տուն-ինտերնատ ընդունվելու մասին ասաց, որ շահառուն պետք է դիմի իր բնակության վայրի տարածքային սոցիալական ծառայության տարածքային մարմնին (Փարոս)։

«Նա պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթեր՝ անձը հաստատող փաստաթուղթ, բժշկի քարտ, որտեղ նշվում են տարբեր բժիշկների եզրակացությունները իր առողջական վիճակի վերաբերյալ։ Այս ամենից հետո սոցիալական ծառայության աշխատակիցը տուն այց է կատարում, տեսնում է տան պայմանները, կարգավիճակը, թե ինչքանով է համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին և տալիս է եզրակացություն։ Այդ եզրակացությունը տալիս են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, և մե նք համակարգում ենք՝ նայում, թե որտեղ կա ազատ տեղ և գրում ենք այդ ծառայությանը, որ տվյալ մարդուն կարող եք ուղեգրել տուն-ինտերնատ»,- ընդգծեց Անահիտ Գևորգյանը։
Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամվողը ստանում է կենսաթոշակի ապահովագրական մասը (աշխատանքային մասը)։ Կենսաթոշակը բաղկացած է երկու մասից՝ հիմնական մաս (16.000 դրամ) և աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը։
«Աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը նա ստանում է, իսկ բազային գումարը, որը բյուջեից է տրվում՝ չի ստանում։ Միջին հաշվով նրանք ստանում են մոտ 20.000-25.000 դրա մ։ Կան նաև անձինք, ովքեր ընդհանրապես չեն ստանում կենսաթոշակ, քանի որ ընդհանրապես չեն աշխատել՝ ստաժ չունեն։ Օրենքով այդպես է նախատեսված, եթե մարդը ապրում է պետության խնամքի ներքո, այսինքն՝ սննդով, հագուստով և մնացած բոլոր անհրաժեշտ իրերով ապահովվում է, ենթադրվում է, որ նրան գումար պետք չէ»,- ասաց բաժնի պետը։
Նրա խոսքով՝ խնամվողը կարող է օգտվել տարբեր ծառայություններից։ Տուն-ինտերնատում ապրող մարդուն տրամադրում են անկողնային պարագաներ, մահճակալ իր պահարանով, ինչպես նաև սոցիալական աշխատողի խորհրդատվություն, հոգեբանական, իրավաբանական ծառայություններ։ Խնամվողին տրվում է 3-անգամյա սնունդ, դեղորայք, և կարող է օգտվել բժշկական սպասարկումից։ Անհրաժեշտության դեպքում տեղափոխվում են ստացիոնար բուժման համապատասխան բժշկական հաստատություններ։
Գևորգյանը նաև նշեց, որ մեկ սենյակում ապրում են երկուսից չորս հոգով։ Կանայք ապրում են առանձին սենյակներում, տղամարդիկ՝ առանձին, իսկ ամուսնական զույգերն էլ մի սենյակում միասին։ Կա չափորոշիչ, որ մեկ շնչին պետք է բաժին ընկնի ոչ պակաս քան 5 քմ։
«Մեր շահառուների համար նաև կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ մշակո ւթային, սպորտային և այլն։ Կատարվում են նաև աշխատանքային թերապիաներ, այսինքն՝ ամեն մեկը զբաղվում է իր նախասիրությամբ»,- ընդգծեց Անահիտ Գևորգյանը։
Տուն-ինտերնատում ապրողը, եթե մահանում է ու չունի հարազատներ կամ հրաժարվել են նրանից, պետությունը ձեռնարկում է բոլոր համապատասխան միջոցառումները։
Լիլիթ Դեմուրյան