Հնարավորություն տվեք, որ մենք համակարգ փոխենք. Գագիկ Ծառուկյան
Society«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Սյունիքի մարզում շարունակվում է: Այսօր նա եղավ Սիսիան քաղաքում: Նախքան ծրագրի հիմնական դրույթները ներկայացնելը, նա խոսեց ժողովրդի ծանր վիճակի մասին. «Վիճակն այնքան է ծանրացել, որ միակ հարցը, որ հուզում է քաղաքացուն` այնպես անել, որ իր երեխան սոված չքնի, վաղվա մասին ոչ ոք չի մտածում ` օրվա խնդիրը խեղդում է, մինչդեռ մարդիկ պետք է մտածեն նաև ապագայի մասին ու կապեն այդ ապագան միայն հայրենիքի հետ, ոչ թե այլ երկրների: Բոլոր մարզերում, ուր ես այս օրերին լինում եմ, նույն պատկերն է` ծայրահեղ վատ վիճակ, հուսահատություն: Այս երկրում փոփոխություն հնարավոր է անել միայն մեր 15 կետերի իրագործմամբ, ու դա ասում են նաև մեր միջազգային գործընկերները, որոնք ողջունել են մեր ծրագիրն ու հայտարարել, որ Հայաստանի միակ փրկությունը այդ 15 կետերի իրականացնումն է: Անկախ նրանից, թե ով կհաղթի` կարևորը իրագործումն է»,- ասաց նա:

Ներկայացնելով ծրագրի առաջնահերթ կետերը Գ. Ծառուկյանն ընդգծեց, որ դրանց թվում են թոշակների բարձրացումը, առողջապահութան ոլորտում փոփոխությունները, որպեսզի առողջապահությունը հասանելի դառնա բոլորին՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից: Ուստի, եթե դաշինքը ստանա 50+1 ձայն, ապա տանելու է նրան, որ ամեն մարզում լինի անվճար սպասարկող բուժհաստատություն: Դաշինքի ղեկավարն ապա նկատեց, որ մարդիկ պետք է զբաղվեն այն գործով, որով միշտ զբաղվել են. արտադրողն ու ստեղծողը պետք է աշխատեն գործարաններում, ուստի պետք է բացեն գործարանները, վերազինեն դրանք, իսկ կրթության մասնագետները պետք է վերափոխեն կրթական համակարգը:

«Հնարավորություն տվեք, որ մենք համակարգ փոխենք, օրենք փոխենք, որ պաշտոններ զբաղեցնեն նրանք, ովքեր սրտացավ են ու ուզում են մի բան անել այս երկրի համար: Իշխանափոխությո՞ւն եք ուզում` տվեք մեզ այդ հնարավորությունը, մենք ամեն ինչ կփոխենք, մեղավորներին էլ կպատժենք: Այլապես հետագա տարիներին է՛լ ավելի վատ է լինելու, եթե մեր 15 կետերը կյանքի չկոչվեն»,- ասաց նա ու հորդորեց վատամարդ չդառնալ սեփական ապագայի հանդեպ, սխալ ընտրություն չանել սրան-նրան խաթր անելով:

«Եթե այս անգամ էլ սխալ որոշում կայացնեք` սա է լինելու. օր օրի գործազրկությունն ավելանալու է, արտագաղթի տեմպերը մեծանալու են, մարդիկ թողնելու են հեռանան: Մի վախեցե՛ք ոչ մեկից, ու ձեր ընտրությունը կատարեք միասնական»,- հավելեց նա:
Տեղեկացնենք, որ Սիսիանում Գագիկ Ծառուկյանը մինչ էլեկտորատի հետ հանդիպումը այցելեց Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի հուշակոթող, ինչպես նաև ներկա գտնվեց իր անձնական միջոցներով կառուցված սպորտդպրոցի բացման արարողությանը:
Սոսե Չանդոյան