Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ից Հայաստան ծանր զինտեխնիկա է տեղափոխվում. երկրի ՊՆ-ն հերքել է
International newsՎրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Նուգզար Ծիկլաուրին տեղեկություն է տարածել, որ մարտի 22-ի երեկոյան Վրաստանի Բոլնիսիի շրջանում ռուսական համարանիշերով բեռնատար մեքենաները, հավանաբար, «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգ են տեղափոխել դեպի Հայաստանի սահման:
Interpressnews.ge-ի փոխանցմամբ՝ Ծիկլաուրին երկրի կառավարությանը, նախագահին և պատկան մարմիններին կոչ արել ուսումնասիրել, թե այդ մեքենաներով ինչ է տեղափոխվում դեպի Հայաստան:
Ծիկլաուրին տեսանյութ և լուսանկարներ է ներկայացրել բեռնված ավտոմեքենաներից՝ նշելով, որ ռուսական պետհամարանիշներով մեքենաները փաթեթավորված բեռ են տեղափոխում՝ հավանաբար՝ ռազմական տեխնիկա։«Բեռնատար մեքենաները, որոնք ռուսական պետհամարանիշներով են, փաթեթավորված բեռ են փոխադրում:Մեծ հավանականությամբ, սա ռազմական նշանակության ծանր տեխնիկա է:Բոլնիսում գտնվող մեր աղբյուրների փոխանցմամբ՝դա մեծ հավանականությամբ ռազմական տեխնիկա է՝ «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգ : Վաղը նախատեսվում է Անվտանգության խորհրդի նիստ և անհրաժեշտ է այս հարցը բարձրացնել: Բեռը, հավանաբար, տեղափոխվում է դեպի Հայաստան»:
Կարճ ժամանակ անց Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով ընդդիմադիր կուսակցության հայտարարությունը: Նախարարության հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է.« «Տարածված տեղեկատվությունը, թե իբր այսօր Վրաստանից տարանցիկ ճանապարհով ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Դա քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել»:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը նաև հիշեցրել է,որ ռազմամթերքի տարանցման համար երկար տարիներ է Վրաստանի իշխանություններին ոչ Հայաստանն է դիմել, ոչ՝ Ռուսաստանը, հետևաբար ռազմական տեխնիկա անցկացնելու թույլտվություն չի էլ եղել: