Եվրոպական երկրներում բնակվող թուրքերը սկսել են քվեարկել հանրաքվեին
International newsՀամաթուրքական հանրաքվեն, որի արդյունքում երկիրը կարող է խորհրդարանականից դառնալ նախագահական հանրապետություն, սկսվել է մարտի 27-ին։ Առայժմ դրան կարող են մասնակցել միայն Թուրքիայի սահմաններից դուրս՝ եվրոպական վեց երկրներում բնակվող քաղաքացիները։
Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի ու Դանիայի բնակիչների համար քվեարկությունը կտեւի մարտի 27-ից մինչեւ ապրիլի 9-ը։ Ապրիլի 16-ին հանրաքվեն կանցնի Թուրքիայում։
Եթե Թուրքիայի քաղաքացիները հավանություն տան առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, երկրի նախագահը կարող է նոր լիազորություններ ստանալ՝ նա կկարողանա ձեւավորել կառավարություն, ներկայացնել բյուջե, ընտրել դատավորների մեծ մասին ու հրապարակել հրամաններ, որոնք կստանան օրենքների կարգավիճակ։
Նախագահը նաեւ կկարողանա արտակարգ դրություն հայտարարել ու լուծարել մեջլիսը։
Հանրաքվեին մասնակցում է այլ երկրներում բնակվող մոտ երեք միլիոն թուրք, որոնց կեսը՝ Գերմանիայում։