Գերմանիայի ներկայացուցիչներին շարունակում են արգելել հանդիպել Դենիզ Յուջելի հետ
International newsԹուրքիայի իշխանությունները շարունակում են արգելել Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչներին հանդիպել կալանքի տակ գտնվող լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, խնդրի մասին հերթական անգամ ահազանգել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:
Գերմանիայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այս իրադրությունն «անհանգստացնող է և զայրացնող»: Նա ընդգծել է, որ իրենք շարունակելու են պահանջել Թուրքիայի իշխանություններից կատարել նախապես տված խոստումը լրագրողի հետ հանդիպում թույլատրելու վերաբերյալ:
Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»:
Չնայած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ գերմանական հյուպատոսարանի աշխատակիցները կարող են տեսնել լրագրողին, սակայն այդ թույլտվությունը մինչ օրս չկա: