Արթուր Բաղդասարյանը, որպես ընտրակաշառք, սուրճի բաժակներ ու մուրաբաներ բաժանելու մասին
PoliticsՀՎԿ-ն այսօր ամփոփեց քարոզարշավը: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր ելույթի ժամանակ ասաց, որ իրենք կարողացան հանգամանալից ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը, հանրությունը տեղյակ է, որ ՀՎԿ-ն ներկայացրել է փաստարկված ու մրցունակ ծրագիր, իրենց հայտնի քաղաքական դեմքերի հետ ներկայացրել են նաեւ նոր դեմքեր:
«Մեր կուսակցությունում օլիգարխներ չկան, ներկայացրել ենք պատգամավորի թեկնածուներ, որոնք դուրս են եկել մեր ժողովրդի ծոցից, այսինքն, այն սոցիալական խավի ներկայացուցիչներն են, որը ՀՀ-ում կոչվում է միջին խավ»,- ասաց պարոն Բաղդասարյանը:
Ա. Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ հետընտրական զարգացումների մասին կխոսեն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո: Ի դեպ, նա պարզագույն սրիկայություն, սեւ քարոզչություն որակեց լուրերը, որ ինքը, որպես ընտրակաշառք, սուրճի բաժակներ է բաժանում. «Նույնը էդ մուրաբաները, դա էժանագին զրպարտանք է»:
Հնչեցված հարցին, թե ՀՎԾ-ն կոալիցիա կկազմի՞ ՀՀԿ-ի հետ, նա պատասխանեց՝ կոալիցիայում կլինեն միայն մի դեպքում, եթե որոշումների վրա ազդեցություն ունենան: Անդրադառնալով նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանը, թե ՀՎԿ-ի ծրագրում ԼՂ կարգավորման մասին ոչինչ չկա, կամ ԼՂ հարցը լուծված են համարում կամ Արցախը նվիրել են Ադրբեջանին, պարոն Բաղդասարյանն ասաց. «Մենք հրապարակ ենք նետել երեք փաստաթուղթ՝ հաշվետվություն հայ ժողովրդին, որտեղ հանգամանալից ներկայացված է՝ ինչ է արել ՀՎԿ-ն վերջին տարիների ընթացքում: Մեր նախընտրական ծրագիրը բաղկացած է 40 էջից՝ առավել ամբողջական. պարզապես նպատակահարմար չենք գտել հարյուրհազարավոր օրինակով բաժանել: ԼՂ հիմնախնդրի հետ կապված մեր տեսակետը հստակ է, մեզ համար փոխընդունելի փոխզիջումն ավելի կարեւոր է, քան անխոհեմ առճակատումը»: