Ապրիլմեկյան ամենազավեշտալի կատակները
LifestyleBlognews.am-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի մեկին ամբողջ աշխարհը նշում է Ծիծաղի օրը, որը հայտնի է նաև որպես Կատակի օր, իսկ անգլերենից բառացի թարգմանվում է «Հիմարների օր» (Fools Day) : Ցավոք, դժվար է ասել, թե այս օրը ծագումով որտեղից է. Անգլիայից, Ֆրանսիայից, Մեքսիկայից, թե՞ միգուցե Շվեդիայից: Այնուամենայնիվ, տոնը մեծ տարածում է գտել ու մեծ ոգևորությամբ նշվում է աշխարհով մեկ: Մարդիկ ամենատարբեր կատակներն ու հնարքներն են մտածում, որ խաղան իրենց ընկերների, մտերիմների ու գործընկերների գլխին:
Ապրիլյան ամենահայտնի ու ստացված կատակներն արդեն տեղ են գտել բոլոր ժամանակների 100 ապրիլմեկյան կատակների ցանկում (The Top 100 April Fools Day Hoaxes of All Time), որոնց թվում շատ էին ԶԼՄ-ների արած կատակները (Պիզայի աշտարակի ընկնելու մասին լուրերը, Լոնդոնում թռչող ափսեների վայրէջքի մասին նորությունները, թռչող պինգվինների մասին ֆոտոռեպորտաժը և այլն) :
Ահա այդ ամենատպավորիչ ու հանճարեղ կատակներից մի քանիսը.
1974 թվականին մի մարդու խելքին փչեց 70 պարաններ կապել Ալյասկայի հանգած հրաբխի շուրջն ու այրել դրանք: Տեղի բնակիչները, կարծելով, որ հրաբուխը ժայթքել է, ուղղակի սարսափահար եղան:
2002 թվականին ՆԱՍԱ-ն հրապարակեց Լուսնի նկարը: Մտածում եք՝ ոչ մի արտասովոր բա՞ն: Բանն այն է, որ նրանք փորձում էին ապացուցել, թե Լուսինը պանրից է պատրաստված: Զավեշտալի է, այդպես չէ՞ :
Նույնիսկ BBC-ն որոշեց միանալ ապրիլմեկյան կատակներին ու մի փաստավավերագրական ֆիլմ պատրաստեց՝այն կոչելով «Սպագետիի մշակաբույսեր» («Spaghetti crops»): Ֆիլմը պատմում էր մի ընտանիքի մասին, ով ամեն տարի սպագետի էր հավաքում ծառերից ու փռում արևի տակ չորանալու: Ֆիլմի հեռարձակմանը հաջորդեցին բազմաթիվ հեռուստադիտողների զանգերը, ովքեր ուզում էին իմանալ՝ արդյոք սպագետիի ծառերն իսկապես գոյություն ունեն:
Բոլորիս հայտնի Google որոնման համակարգը հայտնի է ամեն տարի արվող իր ապրիլմեկյան կատակներով: Չնայած սրան՝ մարդիկ ամեն տարի «ծուղակ»-ն են ընկնում: 2013 թվականին Google-ը հայտարարեց, թե ստեղծել է հեռախոս-բանկոմատ (Google Wallet Mobile ATM), որը բացի սմարտֆոնի գործառույթներն ունենալուց, կարող է ծառայել նաև որպես գումարի փոխանցման ու գումար հանելու արագ ու հեշտ միջոց: Ամենազարմանալին այն է, որ երբ 2004-ի ապրիլի 1-ին ընկերությունը վերջնականապես որոշեց բացել Gmail ծառայությունը, մարդկանց մեծ մասը դրան լուրջ չմոտեցավ՝ կարծելով, որ դա պարզապես նրանց հերթական կատակն է:
1976 թվականին BBC-ն մեկ այլ հումոր խաղաց մարդկանց գլխին: Նրան հաջողվեց համոզել իր լսարանին, թե մոլորակների դիրքի փոփոխությունների արդյունքում Երկիր մոլորակի ձգողականությունը գնալով նվազում է: Զարմանալիորեն, բավականին մեծ թվով մարդիկ պնդում էին, որ զգացել են դրա հետևանքներն ու զանգահարում էին հեռուստատեսություն՝ դրա մասին հայտնելու: