Թուրքիան հետապնդելու է քուրդ զինյալներին ամենուր. Չավուշօղլու
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկիրը պայքարում է և շարունակելու է պայքարել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ՝ ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, նախարարը նշել է, որ «Թուրքիայի անվտանգությանը սպառնացող» քրդական խմբավորման անդամների դեմ երկրի համապատասխան մարմինները պայքարում են բոլոր այն երկրներում, որտեղ վերջիններս ծավալում են իրենց գործունեությունը:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
Խոսելով Սիրիայի տարածքում թուրքական ԶՈւ-ի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտի մասին՝ Չավուշօղլուն շեշտել է, որ սիրիական Էլ Բաբ շրջանի ազատագրումը դեռևս չի նշանակում, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ամբողջովին հասել է իր նպատակին, այն է՝ ապահովել Թուրքիայի սահմանների անվտանգությունն ամբողջ թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Թուրք նախարարը հայտնել է, որ թուրք զինվորականները դեռևս դուրս չեն եկել Սիրիայի տարածքից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պաշտոնապես հաստատել է Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտը:
Յըլդըրըմը չի բացառել, որ ապագայում Թուրքիան կարող է վերսկսել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները, եթե այնտեղ գտնվող տարբեր խմբավորումների գործողություններն ու զարգացող իրադարձությունները վտանգ ներկայացնեն Թուրքիայի անվտանգությանը:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: