Թուրքիան միտումնավոր է հրաժարվում Քոբանիին հումանիտար աջակցություն տրամադրել
International newsԹուրքիան միտումնավոր է փակել սահմանը և հրաժարվում է սիրիական սահմանին քրդաբնակ Քոբանի քաղաքում հումանիտար աջակցություն տրամադրել: Թուրքիան ունի իր հաշվարկները և, հրաժարվելով օգնության տրամադրուումից, ցանկանում է, որ իսլամականներն ու քրդերը միմյանց կոտորեն: «Թուրքիան կարող էր հեշտությամբ բացել սահմանն ու օգնություն տրամադրել քրդերին, սակայն Թուրքիան շարունակում է մնալ կոշտ դի րքերում և ամեն ինչ անում է, որ հակամարտությանը չմիջամտի: Այդ կերպ Թուրքիան նախ թուլացնում է քրդերին և նաև հնարավորություն տալիս իր համար կանխատեսելի ուժեր գտնել այդ տարածքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ կերպ Թուրքիան ավելի կվատթարացնի իր հարաբերությունները ինչպես Արևմուտքի, այնպես էլ իսմալական պետությունների հետ, ովքեր ակտիվ պայքար են սկսել, այսպես կոչված, Իսլամական պետության դեմ:
Միաժամանակ, Քոբանում քրդերը ստանալով լուրջ աջակցություն կարողանում են իսլամականների դիրքերին ռազմաօդային հարվածներ ուղղել: Ըստ Գրիգորյանի, քրդական ուժերի ու կոալիցիայի միջև ռազմական համագործակցության համակարգումն ավելի արդյունավետ է դարձնում իսլամականներին դեմ պայքարը: «Իսլամականներն էլ չեն նահանջում և Իսլամական պետությունը կուտակել է ռազմական մեծ ռեսուրս, ու դա է պատճառը, որ ցանկանում է քաղաքը նվաճել: Քոբանին նման է մեծ ոսկորի, որ կա կոկորդում, և դա է պատճառը, որ իսլամականները ցանկանում են նվաճել ու Թուրքիայի հետ սահմանագիծն ընդլայնել»,- ասաց Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ օրեցօր իրադրություն է փոխվում, և դժվար է կանխատեսել, թե ռազմական դրությունն ինչպես կփոխվի: