Սիրիական թնջուկը վտանգավոր է նաեւ Հայաստանի համար. Մուշեղ Խուդավերդյան
International newsԱյսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տարածաշրջանային հարցերով փորձագետ, թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին եւ Թուրքիայի դերակատարությանը:
Ինչպես նշեց բանախոսը, Սիրիայում ընթացող պայքարը նմանվում է փոքրիկ համաշխարհային պատերազմի եւ ռազմական պայքար են մղում ՆԱՏՕ-ի եւ արեւելյան երկրները:
«Թուրքիան այդ առումով հետաքրքիր կեցվածք է որդեգրել եւ հասկանում է, որ եթե չսպասարկի Սիրիայում ՆԱՏՕ-ի շահերը, ապա մեկ օր էլ չի մնա ՆԱՏՕ-ում: Սիրիական թնջուկը վտանգավոր է նաեւ Հայաստանի համար, քանի որ Սիրիայում հայ համայնքը պառակտվում եւ ոչնչանում է, քանդվում են հայկական եկեղեցիները»,-ասաց նա` հավելելով, որ ծայրահեղականների համար Հայաստանն անցանկալի երկիր է, քանի որ քրիստոնյա է:
Մ. Խուդավերդյանը նաեւ ընդգծեց, որ ընթացող զարգացումները Հայաստանի վրա ազդելու են այն առումով, որ սիրիահայերի հոսքը ավելի է շատանալու, ինչը Հայաստանի համար տնտեսական դժվարություններ կարող է ստեղծել:
«Ժնեւյան բանակցությունները փորձում են կոծկել առկա ռազմական գործողությունների խելահեղությունը, սակայն, եթե հասնում են բանակցային համաձայնության, ապա մեկ-երկու ամիս անց խախտում են այդ համաձայնությունը»,- ասաց նա եւ նշեց, որ ԱՄՆ-ի կողմից ռմբակոծումը հենց ցույց տվեց, որ Ժնեւյան բանակցությունները ինչ որ առումով կորցրել են իրենց իմաստը: