Բունդեսվերում հայտնաբերել են ռասիզմի եւ ծայրահեղականության մոտ 300 դեպք
International newsԳերմանիայի ռազմական հակահետախուզության ծառայության (MAD) տրամադրության տակ աջ ծայրեհեղական բնույթի իրավախախտումների 275 դեպքի տեղեկություններ կան, որոնք կատարել են Բունդեսվերի զինծառայողները: Այս մասին հայտնում է Funke Mediengruppe պարբերականը, որի տրամադրության տակ է պատգամավորական հարցմանը Գերմանիայի պաշտպանության նախարարության պատասխանը:
Խոսքն այն իրավախախտումների մասին է, որոնք կապված են համացանցում քարոզչության եւ ռասիստական մեկնաբանությունների հետ: Դեպքերից մեկում զինծառայողը հարձակվել է փախստականների վրա՝ նախապես հարցնելով նրանք քրիստոնյա են, թե մուսուլման: Մի քանի դեպքերում զինծառայողները հեռացվել են կամ տուգանվել, սակայն ոմանք դեռեւս զենքին հասանելիություն ունեն:
Զինծառայողների գործերով Բունդեսվերի լիազորված անձ Հանս-Պետեր Բարտելսը ընդգծել է, որ աջ ծայրահեղականությունը թեմա է, «որի վրա Բունդեսվերը պետք է սեւեռուն ուշադրություն դարձնի»:
Աջ կուսակցության ներկայացուցիչ Ուլա Յելպկեն «մեծ խնդիր» է անվանել զինված ուժերում աջ ծայրահեղական տրամադրությունները: «Նա, ով իրեն որպես Հիտլերի երկրպագու է դրսեւորում, պետք լքի Բունդեսվերը»,- նշել է նա:
Նախկինում հնչեղություն է ստացել Բունդեսվերի շարքերից ռասիստ զինվորի հեռացումը, որն աջ ծայրահեղական արտահայտություններ էր կատարել: Նա փորձել էր որոշումը վիճարկել դատարանում, բայց նրա հեռացումն իրավաչափ էին համարել: