Թուրքիայում հեղաշրջման փորձին նվիրված թանգարան կբացվի
International news2018 թվականի վերջին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի արվարձաններից մեկում կբացվի հուլիսի 15-16-ը տեղի ունեցած հեղաշրջման փորձին նվիրված թանգարան: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ` «ժողովրդավարության և հուլիսի 15-ի զոհերի հիշատակի թանգարանի» նախագիծը քննարկվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում: Ենթադրվում է, որ թանգարանի կառուցումը կմեկնարկի հուլիսին:
Նշվում է, որ թանգարանը կզբաղեցնի 10 հազար քառակուսի մետր տարածք և կներառի մշտական և ժամանակավոր ցուցադրություններ` ինտերակտիվ տեխնոլոգիաների գործածությամբ, ինչպես նաև գրադարան, սրճարան և հուշանվերների խանութ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ապստամբների խումբը ռազմական հեղաշրջման փորձ է իրականացրել, որը կասեցվել է իշխանությունների կողմից: Վերջին տվյալների համաձայն` հեղաշրջման փորձի հետևանքով մահացել է Թուրքիայի 246 քաղաքացի` չհաշված ապստամբներին, իսկ ավելի քան 2 հազար մարդ վնասվածքներ է ստացել: